Մի խումբ զինված մարդկանց կողմից հեղաշրջման փորձը տապալվեց. Կիրո Մանոյան
Международные новостиԱյսօր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին, ասել է, որ տեղի ունեցածն ամենեւին էլ շոու չէր:
«Իսկապես, մի խումբ զինված մարդկանց կողմից հեղաշրջման փորձը տապալվեց, և ձերբակալվեցին ոչ միայն մեծ թվով զինվորականներ, այլ նաև դատավորներ, դատախազներ: Ինչպես Էրդողանը, այդ գիշեր հայտնվելով Ստամբուլի օդանավակայանում, հայտարարեց, որ տեղի ունեցածն Աստծո պարգևն էր, որովհետև դա առիթ, է որ մաքրագործեն բանակը, ճիշտ այդպես էլ անում են, մաքրում են բանակն ու դատական համակարգը, և դա կտարածվի նաև այլ համակարգերի վրա»,- ասաց նա:
Ինչպես նշեց Կ. Մանոյանը, իր համար շարունակում է անհավատալի մնալ այն վարկածը, թե տեղի ունեցածը գյուլենականների ձեռքի գործն է: «Ինչևէ, սկսված գործընթացը շարունակվելու է, մասնավորապես` Թուրքիայի իշխանությունների կողմից շարունակվելու է Թուրքիայի հասարակության պառակտման ու բևեռացման քաղաքականությունը, դա կհանգեցնի հասարակության դժգոհության խորացմանը, ինչն էլ կարտահայտվի ամենատարբեր ձևերով:
Էրդողանը արդեն մտադիր է վերականգնել մահապատիժը, ինչը նոր խնդիրներ կստեղծի իր և Եվրոպայի միջև հարաբերություններում»,- ասաց նա: