Ադրբեջանի ՍԴ-ն դրական կարծիք է տվել հանրաքվեի անցկացման Ալիևի առաջարկին
Международные новостиԱդրբեջանի սահմանադրական դատարանը հուլիսի 25-ի նիստում դրական եզրակացություն է տվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը հանրաքվեի դնելուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ այդպիսով Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում «Ալիեւների միապետության օրինականցմանը»:
ՍԴ-ի կարծիքը հրապարակած Ադրբեջանի ՍԴ նախագահ Ֆարհադ Աբդուլլաեւը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն հակասում Ադրբեջանի սահմանադրությանը եւ կարող են համաժողովրդական քվեարկության դրվել:
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կուսակցության շտաբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեն, որով նախատեսվում է էլ ավելի ընդլայնել նախագահի լիազորությունները, կանցկացվի մինչեւ այս տարվա վերջը:
Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ:
Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:
Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», հետքայլ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելը, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:
Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է:
Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:
Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ ՍԴ փոփոխությունները Ադրբեջանի ՍԴ կողմից հավանության արժանանալու հետ կապված Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ ՍԴ-ն հավանության է արժանացրել «երկրի սահմանադրության տեքստին եւ ոգուն հակասող փոփոխությունները»:
«ՍԴ-ն մեժել է փոփոխությունների քննարկմանը մեր մասնակցության իմ առաջարկը, ինչի իրավունքը օրենսդրությամբ մենք ունենք: Մեր իրավունքը խախտեց նաեւ ՍԴ-ն: Հերթական անգամ ապացուցվեց, որ այս երկրում ոչ մի անկախ դատարան գոյություն չունի: ՍԴ-ն եւս քաղաքական պատվեր կատարեց եւ կանաչ լույս վառեց հակասահմանադրական փոփոխությունների համար: Սահմանադրությունը պաշտպանելու համար իրավական ճանապարհներն ավարտվեցին: Այլեւս այս երկրում իրավունքի, հանրապետության սկզբունքները վերականգնելու միայն մեկ ճանապարհ է մնացել` մեր իրավունքների համար նոր եւ զանգ վածային Ժողովրդական շարժում», -ասել է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչը եւ նշել, որ որպես Ժողովրդական ճակատ կուսակցություն եւ ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» շարժում, Ադրբեջանում խաղաղ հանրահավաքների կազմակերպման քննարկումներ են սկսում: