Իրաքի դատարանը հաստատել է ավելի քան 1700 զինվորականի սպանության մեջ մեղադրվողների մահվան դատավճիռը
Международные новостиԻրաքի Վճռաբեկ դատարանը հաստատել է 40 անձանց մահվան դատավճիռը, որոնք մեղադրվում են Թիքրիթ քաղաքում 1700 իրաքցի զինվորականի սպանության մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Էլաֆ» գործակալությունը:
Իրաքյան դատախազության ներկայացուցչի խոսքով՝ գործի մանրակրկիտ ուսումնասիրությունից դատարանը մերժել է «Սփայքեր ռազմաբազայի մասին գործով» դատապարտվածների բողոքարկումը: 40 մեղադրյալի մահվան դատավճիռը փետրվարի 18-ին կայացրել է Բաղդադի քրեական դատարանը, 7 մարդ դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ հանցագործությանը նրանց մասնակցությունը չի ապացուցվել:
Անցյալ տարվա մարտի վերջին Իրաքի Թիքրիթ քաղաքի ազատագրումից հետո այստեղ իրաքյան զինվորականների եւ տեղի բնակիչների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել: Պարզվել է, որ հուղարկավորվածների մեծ մասը «Սփայքեր» ռազմաբազայում ահաբեկիչների հաշվեհարդարի զոհերն են: