Լրատվամիջոց. Մոսկվան ու Թեհրանը համատեղ զորավարժություններ են ծրագրում
Международные новостиՄոսկվան ու Թեհրանը պայմանավորվում են համատեղ զորավարժություններ անցկացնել, փորձ ու դիտորդներ փոխանակել: Փորձագետները չեն բացառում, որ խոսքը Սիրիայում ու Միջին Ասիայում համատեղ գործողությունների նախապատրաստման, նաեւ ռուսական ռազմական տեխիկայի գործածմանը իրանցիներին ծանոթացնելու մասին է, գրում է «Իզվեստիյան»:
«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին մասնակցելու նպատակով Ռուսաստան ժամանած իրանական պատվիրակության ղեկավարության հետ հանդիպման արդյունքներով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են ընդլայնել իրենց ռազմական համագործակցությունը: Իրանական պատվիրակության ղեկավար բրիգադային գեներալ Վալի Մադանին էլ իր հերթին հայտնել է, որ «Իրանն ու Ռուսաստանն ունեն անհրաժեշտ ներուժ ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցությունը ըննդլայնելու համար»:
Պաշտոնապես կողմերը չեն հրապարակել բանակցությունների որոշակի արդյունքները, բայց իրավիճակին ծանոթ աղբյուրը պարբերականին պատմել է, որ առաջին հերթին քննարկվել են երկու երկրների զինվորականների փոխգործողությունների բարելավման ու համատեղ զորավարժությունների անցկացման ու դիտորդների փոխանակման միջոցով փորձի փոխանակության հարցերը: