Արևմտյան երկրները ՌԴ սննդային էմբարգոյից 8.6 մլրդ դոլարի կորուստ են ունեցել. ՌԴ էկոնոմիկայի նախարարություն
Международные новостиԱրևմուտքի երկրները, որոնց թվում են ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Կանադան, Նորվեգիան, և Ավստրալիան ռուսական սննդային էմբարգոյի հետևանքով 2015-ին շուրջ 8.6 մլրդ դոլար են կորցրել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը:
«Ռուսաստան ներկրելու համար արգելված ապրանքների ներկրման վերլուծությունը 2015 թվականի ընթացքում ցույց է տվել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Նորվեգիայից և Ավստրալիայից ստացվող մատակարարումների կրճատումները 2013-ի համեմատ, որը գումարային արտահայտմամբ կազմում է 96.5 տոկոս կամ 8.6 մլրդ դոլար, իսկ քանակով` 98.9 տոկոս կամ 4.3 մլն տոննա», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` սննդամթերքի ներկրումը այդ երկրներից գումարային արտահայտմամբ 96.5 տոկոսով անկում է ապրել` 2013-ի 8.6 մլրդ դոլարի փոխարեն կազմելով 312.3 մլն դոլար 2015-ին:
Նշվում է նաև, որ Եվրամիության երկրների ընդհանուր կորստի գումարը ռուսական էմբարգոյի հետևանքով կազմել է 40-50 մլրդ եվրո, որը հավասարազոր է Եվրամիության ՀՆԱ-ի (14.6 տրիլիոն եվրո` 2015-ի դրությամբ) 0.4 տոկոսին: