Պորտուգալիայում բնական հրդեհներից մահացած մարդկանց թիվը հասել է 5-ի
Международные новостиՊորտուգալիայում ուժեղ բնական հրդեհներից մահացած մարդկանց թիվը հասել է 5-ի. Մադեյրա կղզում ծանր այրվածքներ ստացած մեկ մարդ հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է իսպանական 24 Horas հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին. Մադեյրայում հրդեհի հետևանքով մահացել են միևնույն տան 3 բնակիչներ, մեկ հրշեջ հրդեհը մարելիս մահացել է Սանտարեմում:
Իրավիճակը Մադեյրա կղզում կայունացել է: Ամբողջովին հրկիզվել կամ մասամբ վնասվել է ընդհանուր առմամբ 208 տուն: Վնասը գնահատվում է 55 մլն եվրո, 260 մարդ չի կարողանում վերադառնալ տուն: Իշխանությունները մոտ ժամանակներս կսկսեն փոխհատուցել ունեցվածքը կորցրածներին:
Հրդեհները շարունակում են մոլեգնել Պորտուգալիայի մայրցամաքային մասում ևս, սակայն իրավիճակը, իշխանությունների տեղեկացմամբ, վերջին օրը զգալիորեն բարելավվել է: Ներկայումս արձանագրվել է հրդեհի 88 օջախ, այդ թվում՝ 6 խոշոր: Առավել բարդ է իրավիճակը Ավեյրո և Վիլա Ռեալ շրջաններում:
Հրդեհների մարմանն օրական մասնակցում է մոտ 6.000 մարդ, այդ թվում՝ կամավորներ: Առավել բարդ շրջաններ ուղարկվել են զինվորական ստորաբաժանումներ:
Հրդեհաշիջման համար Պորտուգալիային ամֆիբիա-ինքնաթիռներ են տրամադրել Իսպանիան, Իտալիան և Մարոկկոն: