Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները թույլ են տալիս լուծել տարածաշրջանային անվտանգության հարցերը. Ալիև
Международные новостиԲաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս լուծել շատ հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է TASS-ը:
«Ձեր այցը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի՝ մեր երկիր կատարած այցից համարյա անմիջապես հետո: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որը ներառում է գործնականորեն կյանքի բոլոր ոլորտները: Եվ (ՌԴ նախագահի այցի ժամանակ) նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել երկկողմ օրակարգի շատ-շատ հարցեր, ինչպես նաև հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում «դիտարկվել են հարցեր՝ կապված ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության հետ»:
«Երկար տարիներ մենք ակտիվորեն համագործակցում ենք և ավելացնում համագործակցության պոտենցիալը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղերին» և առաջին անգամվա համար վատ արդյունքներ ցույց չի տվել: «Մեր մասնակցությունը այդ կարևոր միջազգային միջոցառմանը առաջին հերթին արտացոլում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակը: Նաև կցանկանայի շնորհավորել Ռուսաստանի թիմին մրցույթներում տարած հաղթանակի համար»,- ասել է Ալիևը:
Շոյգուի այցի շրջանակներում Ալիևը նշել է, որ «մանրամասն կքննարկվեն հետագա համագործակցության հետ կապված հարցեր»: «Նաև կամփոփվեն համագործակցության արդյունքները, կշարժվենք առաջ, կավելացնենք համագործակցության պոտենցիալը, կամրապնդենք մեր կապերը»,- հավելել է նա: