Մոսկվայի 45 փողոցների երթեւեկելի մասը ջրածածկ է եղել անձրեւից
Международные новостиՄոսկվայի 45 փողոցների երթեւեկելի մասը եւ բնակելի տների հինգ նկուղներ ջրածածկ են եղել սաստիկ անձրեւից: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս ճշգրտված տվյալները ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչությունում:
«Օգոստոսի 15-ին առատ տեղումների հետեւանքով Մոսկվայի տարածքում հեղեղվել են բազմաբնակարանանոց բնակելի տների եւ վարչական շենքերի հինգ նկուղային հարկաբաժիններ, տեղի են ունեցել 66 ծառերի տապալումներ, գոյացել են գրունտի չորս անկումներ, ջրով են ծածկվել ստորգետնյա անցումները մետրոյի «Ֆիլեւսկի պարկ», «Պիոներսկայա» եւ «Սավելովսկայա» կայարանների մոտ, ինչպես նաեւ 45 փողոցների երթեւեկելի մասը»,- հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները ջուրը պոմպահանել են նկուղային հարկաբաժիններից, սղոցել են ծառերը: Նրանք նաեւ ավտոմոբիլիստներին եւ ուղեւորներին օգնել են դուրս գալ ճանապարհների ջրածածկ հատվածներում հայտնված ավտոտրանսպորտից: Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայանները եւ Մոսկվայի մետրոպոլիտենն աշխատում են կանոնավոր ռեժիմով: