Թուրքիայի ԱԳ նախարար. Մոսկվային վախեցնելու կամ նվաստացնելու՝ Արեւմուտքի փորձերն իրատեսական չեն
Международные новостиՌուսաստանին վախեցնելու կամ նվաստացնելու՝ Արեւմուտքի փորձերն իրատեսական եւ խելամիտ չեն: Sputnik Turkish-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նրա կարծիքով՝ արեւմտյան երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն են, իրենց չեն ենթարկվում:
«Ես վաղուց եմ ասում. հզոր Ռուսաստանի հանդեպ նման մոտեցումը ոչ խելամիտ եւ անիրատեսական է: Ռուսաստանին վախեցնելու, նվաստացնելու, նրա նշանակությունը նվազեցնելու փորձերով չեք կարող ոչնչի հասնել: Նույնն է նաեւ Թուրքիայի հարցում: Բախվելով Էրդողանի եւ Պուտինի ուղղամտությանն ու դիմադրությանը՝ նրանք մտահոգվեցին եւ տագնապեցին: Բայց նրանք պետք է հասկանան, որ մինչեւ իրենք չփոխեն իրենց պահվածքը, մշտապես կզգան այդ տագնապը: Արեւմուտքը վերջապես պետք է հասկանա դա»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Անկարան ցավում է, որ Եվրոպայում վերջին շրջանում իսլամատյացության եւ թուրքատյացության աճ է նկատվում:
«Ցավոք՝ Եվրոպայում այլատյացության, իսլամատյացության, թուրքատյացության աճ է նկատվում, ատելություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր տարբերվում են ընդհանուր զանգվածից: Այս տրամադրությունների եւ բազմաթիվ այլ բացասական գործոնների պատճառով Եվրոպայում պոպուլիզմը հասել է շատ բարձր մակարդակի: Սա նկատվում է նույնիսկ քաղաքական այն կուսակցությունների մոտ, որոնք պարտվում են ռադիկալ կուսակցություններին»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ը: