Սիրիայում պատերազմի ընթացքում 14.700 երեխա է մահացել
Международные новостиՍիրիայում 2011թ. մարտին ռազմական գործողությունները սկսելուց ի վեր մահացել է 14.700 երեխա: Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների հարցով մոնիտորինգի սիրիական կենտրոնը, որը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, մահացած երեխաների մեծ մասը դարձել են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների զոհ, հարյուրավոր երեխաներ մահացել են սովից կամ հիվանդություններից, փոխանցում է Deutsche Welle-ն:
Human Rights Watch կազմակերպության տեղեկության համաձայն, պատերազմի ընթացքում ձերբակալվել է առնվազն 1.433 երեխա, որոնցից միայն 436-ն են ազատ արձակվել: Ըստ իրավապաշտպանների տեղեկությունների` առնվազն 100 մանկահասակ երեխա ենթարկվել է բռնության:
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով` Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո 2011թ. մարտին երկրում ծնվել է մոտ 3.7 մլն երեխա: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ 8.4 մլն սիրիացի երեխաներ` երկրի բոլոր երեխաների 80%-ը, այս կամ այլ կերպ զգացել են իրենց վրա պատերազմը և նրա հետևանքները կամ Սիրիայում, կամ որպես փախստական այլ երկրներում:
Այսօր 600.000 սիրիացիների գրեթե կեսը, ովքեր գտնվում են Սիրիայի արգելափակված շրջաններում, երեխաներ են: Երկրում ավելի քան 2.1 մլն երեխա չի կարողանում հաճախել դպրոց: 700.000 սիրիացի փախստական երեխաներ, ովքեր գտնվում են այլ երկրներում, նույնպես կրթություն ստանալու հնարավորություն չունեն: