Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել են մի քանի քաղաքներ
Международные новости6,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Տեռնի քաղաքի շրջանում՝ Իտալիայի կենտրոնի Լացիո եւ Ումբրիա մարզերի սահմանում: Առնվազն երկու մարդ է զոհվել Ամատրիչե քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են կարաբիներների կորպուսի ներկայացուցչները:
Նաեւ հաղորդվում է Ակումոլի քաղաքում չորս զոհվածների մասին: Ինչպես տեղեկացրել է քաղաքագլուխ Ստեֆանո Պետրուչին, ավերված տան փլատակների տակ ընտանիք է մնում, ծնողներն ու երկու երեխաները, նրանք կյանքի նշաններ ցույց չեն տալիս: Քաղաքային շինությունները լրջորեն վնասված են, ասել է նա:
6,3 մագնիտուդով ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 4 կիլոմետր խորության վրա: Տուժել են Իտալիայի մի քանի քաղաքներ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Հռոմում: Մեծ է վիրավորների թիվը: Պաշտոնական իշխանությունների տվյալներով՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ կան:
Ամատրիչե քաղաքին լուրջ վնաս է պատճառվել, ավերակների տակ մարդիկ են գտնվում: Այդ մասին հայտնել է քաղաքագլուխ Սերջո Պիրոցին Rai News 24 հեռուստաալիք եթերում:
«Քաղաք տանող եւ այնտեղից ելնող ճանապարհները չեն գործում, քաղաքի կեսն ավերված է,- ասել է նա:- Մարդիկ փլատակների տակ են: Տեղի է ունեցել սողանք, հնարավոր է կամրջի փլուզում»:
Փրկարար գործողությանը մասնակցում են տասնյակ հրշեջ հաշվարկներ:
Նախորդ ուժգին երկրաշարժը Լ՛Ակուլուում տեղի է ունեցել 2009 թվականին: Այն ժամանակ տարերքի հարվածի հետեւանքով մարզում զոհվեց մոտ 300 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: