Տնտեսական բարեփոխումների փոխարեն Ադրբեջանը հայտնվել է տնտեսական փակուղում
Международные новостиԱդրբեջանը գտնվում է արժութային նոր ճգնաժամի շեմին: Վերջին ամիսներին Ադրբեջանում դոլարի պահանջարկը գրեթե տասն անգամ գերազանցում է առաջարկին: Երկրի մի շարք կոմերցիոն բանկեր դադարեցրել են դոլարի վաճառքը կամ որոշակի սահմանափակումով են այն վաճառում:
Խոշորագույն բանկերը հանգստյան օրերին սահմանափակել կամ լիովին դադարեցրել էին արտարժույթի վաճառքն` առանց պատճառը հրապարակելու: Ադրբեջանի միջազգային բանկն ընդհանրապես դոլարի վաճառք չի իրականացնում: Առավելագույն գումարը, որ կարելի է փոխանակել Բաքվում, $100-ից սկսած մինչև $500 է:
Տնտեսագետները չեն բացառում, որ Ադրբեջանում ազգային արժույթի՝ մանաթի կտրուկ արժեզրկում տեղի կունենա:
Սահմանափակումների պատճառով աճել է արտարժույթի վաճառքը սև շուկայում, որտեղ դոլարի փոխարժեքը 1,7 մանաթ է ԿԲ-ի սահմանած 1.62-ի փոխարեն:
Ադրբեջանական մանաթը տաջիկական սոմոնիից հետո հետխորհրդային տարածքի ամենաարժեզրկված ազգային արժույթների թվում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ըստ Bloomberg գործակալության կազմած տվյալների՝ 2015թ-ին դոլարի նկատմամբ ավելի քան 2 անգամ արժեզրկվելով մանաթի փոխարժեքի անկումը եղել է ամենամեծն աշխարհում: Այս տարի այն 4%-անոց անկում է գրանցել:
Մի շարք տնտեագետներ կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը փորձում է չգնալ մանաթի երրորդ կտրուկ արժեզրկման, այդ իսկ պատճառով հիմա աստիճանական արժեզրկում է տեղի ունենում:
Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրերին The Wall Street Journal պարբերականը նավթի գների անկում է կանխատեսել: Փորձագետների կանխատեսումներով՝ WTI ապրանքանիշի նավթի գների արագ աճը կարող է բերել ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայրերում արդյունահանման ծավալների ավելացմանը, ինչն էլ իր հերթին իրար կխառնի նավթային շուկան:
Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66%-ով կախված է նավթից, իսկ արտաքին առևտուրն ընդհանրապես նավթից կախված է 95%-ով:
Նման պայմաններում Ադրբեջանի իշխանությունները հայտնվել են անելանելի իրավիճակում: Տարեսզկբին մեկնարկած տնտեսական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, Ադրբեջանը հայտնվել է տնտեսական փակուղում:
Աշխեն Սահակյան