«Մենք դարձանք Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի պայմանավորվածությունների պատանդը». սիրիացի քրդեր
Международные новостиՍիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերը դարձան միջազգային պայմանավորվածությունների պատանդները: Այդ հարցը իր մեջ ներառում է ռուսների, ամերիկացիների, թուրքերի եւ իրանցիների պայմանավորվածությունը: Քրդական զինված կազմավորումները ահաբեկչության դեմ պայքարում լուրջ ուժ է, բայց նրանք այնքան հզոր չեն, որպեսզի դիմակայեն այդ մեծ պետություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական խորհրդի» անդամ Ռեյզան Հեդուն` անդրադառնալով Ջարաբլուս քաղաքը ԻՊ-ից մաքրելու պատրվակով միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ թուրքական զորամիավորումների ներխուժումը Սիրիայի հյուսիսային հատված:
Ռեյզան Հեդուն գտնում է, որ քրդերը դարձել են սիրիական ճգնաժամի լուծման մասնակից-երկրների պայմանավորվածությունների զոհը:
Ըստ նրա` սիրիացի քրդերը գտնում են, որ Թուրքիան ցանկանում է ստանալ Հալեպը, որպեսզի այն օգտագործի որպես հաղթաթուղթ ապագա քաղաքական բանակցություններում:
«Թուրքիային միացած ուժերը Հալեպը գրոհում են հարավից եւ հարավարեւմուտքից: Ներկայում թուրքական ուժերը մտել են հյուսիսային ուղղությունից, եւ կանգ չեն առնի, մինչեւ չհասնեն Ալ Բաբ: Այսպիսով, Հալեպը կհայտնվի նրանց ճիրաններում: Թուրքիան ցանկանում է բանակցությունները վարել ագրեսիվ` ձեռքում ունենալով «հալեպյան հաղթաթուղթ», -ասել է Հեդուն:
Թուրքիայի ղեկավարներն ավելի վաղ հայտարարել են, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը պետք է լքեն Եփրատի արեւմտյան ափը եւ վերադառնան գետի ձախ ափում իրենց նախկին դիրքերը: Անկարան երկյուղում է, որ եթե սիրիացի քրդերը միավորվեն Եփրատի ձախ եւ աջ ափերում, ապա նրանք կարող են ինքնավարություն ստեղծել այնտեղ, ինչի հետեւանքով ամբողջությամբ կվերահսկեն թուրք-սիրիական սահմանը:
Այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը սիրիացի քրդերին կզրկի աջակցությունից, եթե նրանք չենթարկվեն Անկարայի պահանջին: