Իրանը միջազգային ասպարեզում փորձում է վերականգնել իր դիրքը
Международные новостиՄիջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը սկսեց ակտիվորեն զարգացնել իր հարաբերությունները և ամրացնել կապերը մի շարք պետությունների հետ։
Նախևառաջ Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ առանց վիզային ռեժիմը հաստատեց, այնուհետև Իրանի նախագահ սկսեց եռաչափ ֆորմատով հանդիպումներ ունենալ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների հետ։ Իսկ արդեն ավելի ուշ ԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանե հայտարարեց, որ Իրանը կօգնի նավթ արտադրողներին կայունացնել համաշխարհային շուկան, եթե ՕՊԵԿ-ի մյուս ներկայացուցիչները ճանաչեն շուկայի իր մասնաբաժնի վերականգնման իրավունքը:
Իրանը նավթամթերքի մատակարարման շուրջ փորձեց շահավետ համաձայնության գալ նաև եվրոպական մի շարք ընկերությունների հետ: Ըստ իրանական աղբյուրների, հաջողվեց համաձայնագրեր ստորագրել իտալական, իսպանական և հունական ընկերությունների հետ, իսկ բանակցություններն անգլիական նավթային ընկերությունների հետ դեռ շարունակվում են:
Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանը ոչ միայն փորձում է վերադառնալ միջազգային ասպարեզ, այլ նաև փորձում է «խաղի իր կանոնները թելադրել»։
Այս տեսանկյունից շատ հետաքրքրական է նաև Իրանի հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ, որը Իրանի համար միշտ էլ գերխնդիր է համարվել։ Խնդիրն այն է, որ այդ տարածաշրջանում նույնպես Իրանն ունի հեգեմոնիա հաստատելու ցանկություն, բայց մի քանի պետություններ դա թույլ չեն տալիս և միակ պետությունը, որը պահում է դիվանագիտական հարաբերությունները իսլամական պետության հետ Հորդանանն է, որի հետ վերջինս պահպանում է բարեկամական «կապերը»:
Եվ չնայած Իրանի օրեցօր աճող նշանակությանը ամբողջ աշխարհում՝ Իրանի հարբերությունները ԱՄՆ-ի հետ շարունակում են լարված մնալ։
Երբ հուլիսի սկզբին ԱՄՆ-ը հրապարակեց ահաբեկչության վերաբերյալ տարեկան զեկույցը, Իրանը շարունակում էր դասվել ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների շարքին: Պաշտոնական Թեհրանը կոշտ արձագանքեց այս զեկույցին և փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեց։
Այս ամենի հետ մետեղ Իրանը շարունակում է պայքարը ահաբեկչության դեմ, որը երկրի թիվ մեկ սպառնալիքն է համարվում: Այս պայքարի շրջանակներում նույնպես Իրանը փորձում է համագործակցություն ծավալել այլ պետությունների հետ ՝ ևս մեկ անգամ ամրապնդելով իր դիրքը միջազգային ասպարեզում:
Իսկ Հայաստանի հետ Իրանը ավելի հեռանկարային պլաններ ունի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ- ն և ԻԻՊ-ն մոտակա ժամանակներում Ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնություն ձեռք կբերեն: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքերով ՝ սա հնարավորություն կտա Իրանին ընդլայնել կապերը ԵՏՄ անդամ-երկրների հետ: Բացի այդ՝ Իրանը կարող է նաև օգտվել Հայաստանի՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի հետ գործող առևտրային արտոնություններից: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:
Լենա Մաթևոսյան