Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության շուրջ ընթացող բանակցությունները փակուղի են մտել
Международные новостиՏրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության համաձայնագրի (ՏԱՆԳ) շուրջ բանակցություններն արդեն ընթանում են 3 տարի, սակայն մինչ այժմ որևէ նշանակալից հաջողություն չի գրանցվել։
ՏԱՆԳ-ը միտված է լինելու աշխարհում առանց մաքսատուրքերի առևտրի ամենամեծ գոտի, որը կներգրավի 820 մլն անհատների: Ենթադրվում է, որ նախագծին ԱՄՆ-ից ու ԵՄ-ից բացի կմիանան նաև Կանադան, Մեքսիկան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան ու Իսլանդիան, ինչպես նաև ԵՄ անդամ դառնալու թեկնածու երկրները: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հայտարարել էր, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը ՏԱՆԳ-ի շուրջ բոլոր բանակցություններն ավարտին հասցնելու համար մինչև նոյեմբեր, այսինքն՝ Բարաք Օբամայի նախագահության ավարտը:
ԵՄ-ի 28 երկրները և Եվրախորհրդարանը պետք է վավերացնեն ՏԱՆԳ-ի համաձայնագիրը, նախքան այն ուժի մեջ կմտնի, սակայն վերջին շրջանում ԵՄ անդամ երկրներում դժգոհության նոր ալիք է բարձրացել:
Համաձայնագրին դեմ երկրները գտնում են, որ այն բացառապես բխում է որոշ ընկերությունների շահերից, որոնց ձեռնտու է Եվրոպայում վերահսկողության թուլացումը։ Պայմանագրի նախապատրաստման ընթացքում ԵՄ անդամ երկրներում հարյուրավոր ցույցեր տեղի ունեցան։ Մեծ Բրիտանիան, որը ևս դեմ էր այդ համաձայնագրի կնքմանը, միության կազմից դուրս գալու հանրաքվեից հետո լքեց բանակցային գործընթացը։
ՏԱՆԳ–ի վերաբերյալ մտավախությունները ավելի սաստկացան Գերմանիայի ու Ֆրանսիայի հնչեցրած հայտարարություններից հետո: Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով պետքարտուղար Մատիաս Ֆեկլի կարծիքով, կողմերի միջև երկխոսությունը չարդարացրեց ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև պատմության ընթացքում ձևավորված հարաբերությունները: Վերջինս նաև հայտնել է, որ Փարիզը մտադիր է սեպտեմբերին դիմել Եվրահանձնաժողովին ՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի շուրջ ընթացող ԵՄ-ի բանակցությունները: Ֆեկլը հայտարարել է. «Ամերիկացիները ոչինչ չեն տալիս կամ առաջարկում են փշրանքներ: Գործընկերների հետ հարաբերություններն այդպես չեն կառուցվում»:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս թերահավատությամբ է վերաբերվել այս գործարքին։ «Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև տարեվերջ։ Համաձայնագրում հակասություններն ակնառու են, և Ֆրանսիան այն հավանության չի արժանացնի»,-հայտարարել է վերջինս:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը ավելի սուր քննադատությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «դե ֆակտո ձախողվել են»:
Ամերիկյան Smith’s Research & Gradings-ի տնտեսագետ Սկոտ ՄակԴոնալդը կարծիք է հայտնել, որ Գերմանիան և Ֆրանսիան այժմ ավելի շուտ ցանկանում են գործարքներ կնքել Չինաստանի հետ:
Չնայած Եվրահանձնաժողովը և ԱՄՆ-ն ցանկանում են շարունակել բանակցությունները, սակայն առանց Գերմանիայի և Ֆրանսիայի հավանության համաձայնագիրը կյանքի կոչելու հավանականությունը գնալով նվազում է։
Անի Գասպարյան