Ավստրալացի բանտարկյալները գործադուլ են անում ցածր աշխատավարձի պատճառով
Международные новостиԱվստրալիայի հատուկ պահպանվող Բերվոն բանտի (գտնվում է Մելբուռնից հարավ-արեւմուտք) բանտարկյալները գործադուլ են անում: Նրանք դժգոհ են աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձից. օրական ստանում են ԱՄՆ 4,95 դոլարից մինչեւ 6,82 դոլար: Նրանց կարծիքով՝ դա շատ ավելի քիչ է, քան մյուս բանտերի բանտարկյալներն են ստանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանց կարծիքով՝ աշխատավարձը չի բավականացնում բանտային կյանքի ծախսերին, ուստի պահանջում են աշխատավարձի ինդեքսավորում՝ ինֆլյացիայի մեծության համաձայն: Հակառակ դեպքում հրաժարվում են աշխատանքի դուրս գալ: Բանտի ղեկավարությունը նշել է, որ գործադուլին մասնակցելու որոշում ընդունած բանտարկյալներին խցերից դուրս չեն թողնում:
Բանտարկյալների շահերը ներկայացնում է Justice Action խումբը, որի ներկայացուցիչ Բրեթ Քոլինզն ասել է, որ գործադուլը բանտարկյալների հուսահատ քայլն է ընդդեմ անարդար վերաբերմունքի: Բերվոնում բանտարկված է 450 մարդ, որոնք հիմնականում դատապարտվել են սպանությունների եւ թմրավաճառքի համար:
Վիկտորիա նահանգի ներկայացուցիչը նշել է, որ բոլոր բանտարկյալները պետք է զբաղվեն տնտեսական կամ այգեգործական աշխատանքով: Իշխանությունները բացառություն են անում միայն տարեց բանտարկյալների կամ հաշմանդամների համար: Աշխատավարձը կախված է նրանց կատարած աշխատանքից:
Նահանգի իշխանությունների պարզաբանմամբ՝ աշխատանքն անհրաժեշտ է, որպեսզի բանտարկյալները որոշակի հմտություններ եւ գիտելիքներ ստանան, որոնք նրանց պետք կգան ազատության մեջ: Դա նաեւ կնվազեցնի վերստին բանտում հայտնվելու հավանականությունը: Անցյալ տարվա հունիսի վերջին ակարգություններ էին բռնկվել Մելբուռնի բանտերից մեկում: Այդ ժամանակ պատճառը ծխելու արգելքն էր: