Բելառուսի 6-րդ գումարման խորհրդարան են անցել ընդդիմադիրներ
Международные новостиԲելառուսի խորհրդարանում կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Երմոշինան պատմել է, որ ընդդիմադիրը Մինսկի շրջաններից մեկի թեկնածուն է՝ «Միավորված քաղաքացիական կուսակցության» անդամ Աննա Կոնոպացկայան։
Իր ընտրական տարածքում ընդդիմադիրն առաջ է անցել 2015–ին առաջադրված՝ Բելառուսի պատմության մեջ նախագահի առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկեւիչից։
Խորհրդարանում ընդդիմության եւս մեկ ներկայացուցիչ է դարձել «Բելառուսերենի միության» անդամ, Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի գիտաշխատող Ելենա Անասիմը։
Նախորդ գումարման խորհրդարանում Բելառուսի ընդդիմությունը ներկայացված չէր։
Ըստ առկա տեղեկությունների՝ խորհրդարանում ներկայացված են Կոմունիստական կուսակցության, «Բելառուսի հայրենասիրական կուսակցության» եւ «Աշխատանքի ու արդարացիության հանրապետական կուսակցության» անդամներ։
Կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններն ընթացել են մեծամասնական սկզբունքով։ 110 ընտրական շրջաններում ընտրվել են 110 պատգամավորներ։