Վանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 19-ի
Международные новостиՎանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվն աճել է՝ հասնելով 19-ի: Այս մասին հայտնել է Վանից ընտրված՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Բեշիր Աթալայը, փոխանցում է CNN Turk-ը:
«Վերջին տեղեկություններով՝ 19 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսը ոստիկան են: Մի քանիսի վիճակը ծանր է: Պայթել է ականապատված մեքենա, դա միանգամայն ստույգ է»,- ասել է Աթալայը:
Ավելի վաղ Թուրքիայի լրատվամիջոցները հայտնել էին, որ նահանգապետարանի շենքից 200 մետր հեռավորությամբ հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի կենտրոնից ոչ հեռու է գտնվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական բաժանմունքի շենքը: Պայթյունի հետեւանքով վնասվել են կից գտնվող տները. կոտրվել են պատուհանների ապակիները:
Վանում ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը: