Իսպանիայում 8 ամիս շարունակ կառավարություն չի ձևավորվում
Международные новостиԻսպանիայում կարծես թե քաղաքական ճգնաժամ է հասունանում. խորհրդարանական ընտրություններից հետո 8 ամիս է անցել, սակայն այդպես էլ այստեղ կառավարություն չի ձևավորվել:
Առաջին ընտրությունների ժամանակ վարչապետ Մարիանո Ռախոյի Ժողովրդական կուսակցությունը (Partido Popular) հաղթանակեց, սակայն հնարավոր չեղավ կառավարություն ձևավորել։ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը չսատարեց Մարիանո Ռախոյին՝ վարչապետի պաշտոնում:
Թվով արդեն երկրորդ ընտրությունների ժամանակ, որ կայացավ դեկտեմբերի 26-ին, Ռախոյը հաղթանակ տարավ, սակայն դարձյալ չհաջողվեց ստանալ խորհրդարանականների ձայների պարզ մեծամասնությունը. նրա օգտին քվեարկել էր 170 պատգամավոր, դեմ արտահայտվել՝ 180-ը:Վարչապետի պաշտոնը ստանձնելու համար Ռախոյը պետք է 350 ձայներից ստանալ առնվազն 176-ը։
Ստեղծված անորոշությունը պայմանավորված է թե՛ վարչապետի նկատմամբ ունեցած դժգոհությամբ, թե՛ կուսակցությունների միջև առկա տարաձայնություններով։
Ռախոյի հասցեին հնչեցրած սուր քննադատություններով են հանդես եկել հատկապես կատալոնացի ազգայնականները, որոնք ցանկանում են Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնել։
«Առանց Կատալոնիայի հարցի չի լինի կառավարություն ոչ հիմա, ոչ էլ ապագայում»,- հայտարարել է Կատալոնիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսեսկ Օմսը։
Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (PSOE) մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ռախոյի դեմ քվեարկելու մասին։ Սոցիալիստական կուսակցության ղեկավար Պեդրո Սանչեսը քննադատել է բյուջեի և հարկային ոլորտներում Ռախոյի վարած քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ Իսպանիան ղեկավարելու 4 տարիների ընթացքում Ռախոյն ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան թե լուծել: Վերջինիս համոզմամբ, Ռախոյի կառավարման շրջանը աչքի է ընկել «տնտեսության ոլորտում կոռուպցիայով»։
Այս ընթացքում պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5%-ը, իսկ Իսպանիայի պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 100%-ն է։
«Իսպանիան անհապաղ կառավարության կարիք ունի, բայց ոչ թե ցանկացած ղեկավարի կողմից կառավարվող, այն չպետք է երբևէ վստահել Մարիանո Ռախոյի նման մեկին»,- նշել է վերջինս։
«Podemos» (Կարող ենք) կուսակցության ներկայացուցիչ Խուան Լոպես դե Ուրալդեն հայտարարել է, որ «Երրորդ ընտրություն անցկացնելը շատ բացասական սցենար կլինի, որն ավելի շուտ կձգձգի երկրին անհրաժեշտ փոփոխությունները»։ Սակայն Կոնգրեսում ուժերի հավասարակշռությունը ցույց է տալի որ «այլընտրանքային մեծամասնություն» ստեղծելը շատ դժվար կլինի։
Podemos-ն ունի 71 ներկայացուցիչներ, սոցիալիստները՝ 85։ Ազգայնականների կոալիցիային միանալը կապահովեր խորհրդարանին ձայների մեծամասնությամբ, սակայն սոցիալիստներն այդ քայլին չեն գնա երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ իրենց ունեցած դիրքորոշման պատճառով։
Այսպիսով, եթե վարչապետ չընտրվի, ապա հոկտեմբերի 31-ին խորհրդարանը կցրվի և, համաձայն օրենքի՝ նոր ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 25-ին:
Անի Գասպարյան