Հնդկաստանում հարձակում է տեղի ունեցել զինվորական ճամբարի վրա. կա 17 զոհ
Международные новостиՀնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով մահացել է 17 զինծառայող, ևս 18-ը վիրավորվել է: Ինչպես հայտնում է India Today հեռուստաալիքը` մի խումբ զինված գրոհայիններ հարձակվել են Բարամուլլայի շրջանի Ուրի քաղաքում գտնվող զինվորական գումարտակի շտաբի վրա:
Սկզբում հաղորդվում էր, որ հարձակման է ենթարկվել Հնդկաստանի բանակի 12-րդ բրիգադի շտաբը, մինչդեռ Հնդկաստանի ՊՆ-ն ճշտում մտցրեց և հայտնեց, որ խոսքը գնում է հետևակային բրիգադի բազային կից ճամբարի մասին:
Գրոհայինների հստակ թիվը հայտնի չէ, սակայն ըստ որոշ տվյալների` խոսքը կարող է գնալ 3-4 ահաբեկիչների մասին: Զինված բախումը շարունակվում է, Հնդկաստանի ԶՈւ-ն օգնություն է ուղարկել դեպքի վայր:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:
Հնդկական բանակում դեռևս դժվարանում են պատասխանել այն հարցին, թե արդյոք խոսքը գնում է տեղացի ահաբեկիչների, թե Պակիստանի հետ սահմանի վրայով երկիր ներթափանցած օտար ահաբեկիչների մասին:
Նշենք, որ Քաշմիր և Ջամմու նահանգներում ակտիվ գործունեություն են ծավալում անջատողականները, որոնք պայքարում են անկախացման կամ էլ Պակիստանին միացման համար: Հնդկաստանի Քաշմիր նահանգը չունի Պակիստանի հետ օրինական սահման, երկու երկրների զինվորներին բաժանում է հսկողության գիծ: