Սառը պատերազմի նախերգանք ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև
Международные новостиՆերկայումս ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունները կարելի է որակել որպես սառը պատերազմի նախերգանք, որի հանգուծալուցումը, ավաղ, մշուշոտ է:
Այս երկու պետությունների մեջ հիմնական տարաձայնությունը Ուկրաինայի և Սիրիայի վերաբերյալ է, և եթե փոխըմբռնմամբ ու փոխզիջման քաղաքականությամբ չշարժվեն կողմերը, ապա դժվար կլինի խուսափել բաց առճակատումից, որը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, և ոչ էլ ԱՄՆ-ին, հատկապես՝ միջուկային զենքին տիրապետող երերուն հարևանների առկայության, վերազգային ահաբեկչության կտրուկ աճի և տնտեսական ու ներքաղաքական ճգնաժամերի պայմաններում:
Ինչպես նշում են «Forbes» ամսագրի քաղաքական-ռազմական վերլուծաբանները, ԱՄՆ-ի զինված ուժերը չեն չափազանցնում, երբ հայտարարում են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում սպառազինությունների արդիականացման մտադրություն չունեն: ԱՄՆ-ը, թեև կանխատեսում է հնարավոր լայնամասշտաբ բախում Իրանի, Հյուսիսային Կորեայի կամ Ռուսաստանի հետ առաջիկա 5 տարիների ընթացքում, սակայն չունի ֆինանսական միջոցներ դրան նախապատրաստվելու համար: Այստեղից հետևություն, որ տնտեսական դժվարությունները միայն Ռուսաստանին չէ, որ անհանգստացնում են: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2016 թվականին ԱՄՆ-ի տնտեսական աճը կանխատեսածից թույլ է լինելու:
Այս և այլ զսպող պատճառներից ելնելով է, թերևս, որ երկու ուժայինները քաղաքական կամք են դրսևորում` նստել բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել հակամարտությունների կարգավորման կամ գոնե դրանց առավել չսրման համար, ինչքան էլ, որ իրարամերժ և հակասական լինեն նրանց հայացքներն ու շահերը: Դա գիտակցում են երկու պետություններում էլ: Օրինակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը դեռ «երկար ճանապարհ ունեն գնալու», մինչև Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնության հասնելը:
«Մեծ քսանյակի» գագաթաժողովից հետո, Շվեյցարիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 9-ին հանդիպեցին երկու երկրների` ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Երկարատև բանակցություններից հետո պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեցին երկու երկրների միջև համաձայնության մասին, որով մեկշաբաթյա հրադադար էր հայտարարվում Սիրիայում, իսկ դրանից հետո կողմերը համատեղ թիրախավորված քայլեր են ձեռնարկելու իսլամական ջիհադիստների դեմ: Սակայն օրեր առաջ, ԱՄՆ-ը երկարաձգել էր հակառուսական պատժամիջոցները Ղրիմի դեպքերի պատճառով:
Նման հակասական պատկերը տեսնելուց հետո, ակնհայտ է մի բան, այս իրավիճակում սառը պատերազմին գնալը վտանգավոր քայլ է, ուստի պետք է փոխզիջման գնալու պատրաստակամություն ցուցաբերել: