Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Ալան Դունկան
Международные новостиՄեծ Բրիտանիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն: Այս մասին ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ իր շնորհավորանքում նշել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը:
Նա իր շնորհավորանքում, մասնավորապես, ասել է.
«Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է: Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ՝ ժողովրդավարական եւ կառավարման բարեփոխումներ խթանելու եւ մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով:
Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի եւ իր հարեւան երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ Նորին Մեծության կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»: