Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելուց հետո մտադիր է Թուրքիայի հետ կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր
Международные новостиԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր է կնքելու Թուրքիայի հետ՝ կապված ԵՄ-ից դուրս գալու հետ:
«Մոտ ժամանակներս իր աշխատանքները կսկսի թուրք-բրիտանական առևտրատնտեսական հանձնաժողովը: Շատ կարևոր է ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի կնքումը: Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն, բայց ոչ՝ Եվրոպան: Ուստի մենք շարունակելու ենք աջակցել Թուրքիային:
Խոսքը միայն 2.5 միլիոն բրիտանացի զբոսաշրջիկների մասին չէ, որոնք հանգստանալու նպատակով ժամանում են Թուրքիա: Վերջին հինգ տարում աճում է մեր միջև ապրանքաշրջանառության ծավալը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: