«ԵԱՀԿ-ի առաքելությունն առայժմ չի կարող աշխատանքն ակտիվացնել Ուկրաինայում». Նուլանդ
Международные новостиԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայի արևելքում լայնամասշտաբ աշխատանք կծավալի այն բանից հետո, երբ կվերականգվի հսկողությունը երկրի պետական սահմանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին խնդրել է Ուկրաինայի արևելքում տեղաբաշխված դիտորդների թվաքանակն ավելացնել մինչև 1,5 հազար:
«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն քաղաքացիական առաքելություն է, և այն կարող է աշխատել բացառապես խաղաղ պայմաններում, այսինքն՝ այնտեղ, որտեղ չկան ռազմական գործողություններ: Նրանք աշխատում են, նրանք տեղաբաշխված են: Բայց նրանք չեն կարող աշխատել այնտեղ, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այնտեղ, որտեղ նրանք ամենից ավելի են հարկավոր, այնտեղ, որտեղ այժմ լարվածություն է՝ Դեբալցևոյում, Սչաստյեում, Դոնեցկի օդանավակայանում»,- ասել է Նուլանդը հոկտեմբերի 8-ին Կիևի մերձակա ուկրաինական սահմանապահ ջոկատ այցելության ժամանակ:
ԵԱՀԿ-ի առաքելությունն Ուկրաինայում աշխատանքն սկսել է մարտին և հետևում է իրադրությանը, մասնավորապես, այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հանրապետության արևելքում: Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը հայտարարել է, որ առաքելության մասնակիցների թվաքանակը մանդատով նախատեսված առավելագույն 500-ի կհասնի երկու ամսվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: