Թուրքիայում մեկ օրում 163 գյուլենական է ձերբակալվել
Международные новостиԹուրքիայում ոստիկանական խոշոր գործողություններ են անցկացվել երկրի 24 նահանգների դատախազություններում և ուղղիչ հաստատություններում, արդյունքում՝ մեկ օրվա ընթացքում արդեն ձերբակալվել է շուրջ 163 պետաշխատող: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածներից 75-ն ուղղիչ աշխատանքային գաղութների աշխատակիցներ են:
Ձերբակալվածները մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ կապ ունենալու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: