Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով վերջին 6-7 ամսում զոհվել է ավելի քան 500 մարդ. Քեմալ Քըլըչդարօղլու
Международные новостиԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երեկ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատել է երկրի իշխանություններին՝ կապված բազմաթիվ ահաբեկչությունների գրանցման հետ:
«2002 թվականին ստացաք Թուրքիա առանց ահաբեկչության, մինչդեռ ներկայումս Թուրքիայում մոլեգնում է ահաբեկչությունը: Վերջին 6-7 ամսում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: Ո՞վ է ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ նստել բանակցային սեղանի շուրջ:
Նախկինում ահաբեկչական կազմակերպությունը PKK-ն էր: Ապա դրան ավելացավ ԴԱԻՇ-ը, իսկ վերջերս էլ՝ FETÖ-ն (Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը): Ո՞վ է առաջացրել նրանց, ո՞վ է 14 տարի եղել իշխանության ղեկին:
Մեր կուսակցությունն աջակցել է ահաբեկչության կանխմանն ուղղված յուրաքանչյուր օրինագծի: Խոչընդոտներ չեն եղել»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Նա անդրադարձել է նաև գիտական ոլորտում Թուրքիայի հետընթացին՝ հիշեցնելով, որ 2014 թվականին Թուրքիան գիտական հետազոտությունների որակով զբաղեցնում էր 64-րդ տեղը, իսկ 2016 թվականին նահանջում է 103-րդ հորիզոնական: