Իզմիրում ձերբակալված քուրդ գրոհայինները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել նաև ադրբեջանական ընկերությունների դեմ
Международные новостиՕրերս Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Թուրքիայում գործող ադրբեջանական ընկերությունների դեմ, գրում է «Սաբահ»-ը։
Հոկտեմբերի 4-ին Իզմիրի Բայրաքլը թաղամասում ձերբակալվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամ, 23-ամյա Մեհմեդ Դ.-ն, որն Իզմիր էր տեղափոխել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Մեհմեդ Դ.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է Իզմիրում բնակվող իր ավագ եղբոր տանը: Ձերբակալվել է նաև Մեհմեդ Դ.-ի հետ համագործակցող ևս մի անձ։
«Ես նախնական հետախուզական նպատակներով պատրաստվում էի գնալ «Պետկիմ» ընկերության գրասենյակ, այն գտնվում է Ալիաղա թաղամասում: Սակայն այն հեռու էր իմ գտնվելու վայրից, ինչի պատճառով չկարողացա հայտնվել այնտեղ: Մեզ հրաման էր տրված պայթյուններ իրականացնել հիմնականում ռազմական և ոստիկանական կետերում, բայց ոչ միայն: ՔԱԿ-ը ներկայում փոխել է իր մարտավարությունը: Հրամաններ են տրվում պայթեցնել նաև հիմնարկներ, ինչի հետևանքով մեծ վնաս կարող է հասցվել Թուրքիայի տնտեսությանը: Ահաբեկչությունը, որ ես պետք է իրականացնեի, դրանցից մեկն էր»,- իր ցուցմունքում ասել է Մեհմեդ Դ.-ն:
Բայրաքլը թաղամասում ոստիկանության հատուկջոկատայինների խուզարկումների արդյունքում մի շարք քաղաքացիների մոտ հայտնաբերվել և առգրավվել են Կալաշնիկով տեսակի զենքեր և փամփուշտներ: Ոստիկանության կողմից հատուկ հսկողության տակ է առնվել Իզմիրի 7 քուրդ բնակիչ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։