Կոլումբիացի ապստամբների առաջնորդը շնորհավորել է երկրի նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակի կապակցությամբ
Международные новостиԿոլումբիայի ձախական ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյոն, որ առավել հայտնի է որպես Տիմոլեոն Խիմենես, իր թվիթերյան էջում շնորհավորել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսին` Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ նախագահ Խուան Մանուել Սանտոսին, խաղաղ գործընթացի երաշխավորներ Կուբային և Նորվեգիային, գործընթացին աջակցող Վենեսուելային և Չիլիին, առանց որոնց խաղաղությունն անհնարին կլիներ», - Lenta.ru-ի հաղորդմամբ` գրել է կոլումբիացի ապստամբների առաջնորդը:
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է հոկտեմբերի 7-ին Օսլոյում: Կոլումբիայի նախագահը Խաղաղության մրցանակի է արժանացել այն ջանքերի համար, որոնք ուղղված են եղել իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման (FARC) անդամների հակամարտության կարգավորմանը։