Չփորձե՛ք մեզ հորդորել հանձնել Ուկրաինայի տարածքները. Ավակովը՝ Օլանդին
Международные новостиՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերին, որոնք վերաբերում են Դոնբասում ընտրություններին, գրում է korrespondent.net-ը:
«Դոնբասում պատերազմի կարգավորման ձեր առաջարկներն անընդունելի են և վրդովեցուցիչ յուրաքանչյուր իսկական ուկրաինացու համար: Ուկրաինան զիջելով (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին՝ դուք կկորցնեք Եվրոպան, կկորցնեք սեփական ազատությունները»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:
«Եվ ես ձեզ ասում եմ, պարոն Օլանդ, չփորձե՛ք մեզ հորդորել հանձնել Ուկրաինայի տարածքները և միլիոնավոր մեր քաղաքացիների կյանքերը պուտինյան ռեժիմին, քանի որ դա ձեզ հարմար է թվում»,- հայտարարել է երկրի նեքրին գործերի նախարարը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Դոնբասում նախ պետք է անցկացնել տեղական ընտրություններ և միայն հետո Ուկրաինան պետք է վերադարձնի սահմանի վերահսկողությունը: