Հալեպում վերականգնվել է ջրի մատակարարումն ու ինտերնետային կապը
Международные новостиՀալեպում այս օրերին վերջապես վերականգնվել է ջրի մատակարարումն ու ինտերնետային կապը, այս մասին հայտնում է «Գանձասարը»:
Նշվում է, որ որոշ թաղամասերում քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել է անցանելի դարձնել նախօրդ շաբաթներին հրթիռակոծության հետևանքով փլատակների տակ մնացած փողոցները, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է Հալեպի երթևեկությունը:
Մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են Հալեպի արևելյան շրջանների հրթիռակոծումը:
Նախօրեին շարունակվել են հրթիռակոծվել Հալեպի Սուլեյմանիյե, Թելեֆոն Հաուայի, Շեյխ Թահա և հայաշատ Նոր Գյուղ թաղամասերը:
Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր հայազգի Լեդա Գյուլյուզյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատել են կայուն:
Թելեֆոն Հաուայի թաղամասում ռումբ է ընկել պետական Հաթեմ Ալ Թայի վարժարանի վրա, մահացել է 2 անչափահաս, ևս 5-ը վիրավորվել է: Հայազհի զոհվածներ չկան:
Հալեպի Վիլլաներ և Սուլեյմանիյե թաղամասերում գործող հայկական վարժարանների սաներին այսօր տեղափոխել էին ներքնահարկեր` անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծոթյան հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել 11 հայ: Եվս 3 հայ զոհվել հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հրթիռակոծությունների ընթացքում: