Գերմանիան Մոսուլի փախստականների համար կհատկացնի 34 մլն եվրո
Международные новостиԳերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսուլն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրելու հետևանքով ավելի շատ փախստականներ կձգտեն գնալ Իրաքի այլ շրջաններ ու Թուրքիա: Այս կապակցությամբ պաշտոնական Բեռլինը պատրաստ է առանձնացնել 34 մլն եվրո, որը կտրամադրվի փախստականների կարիքները հոգալու համա ր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Գերդ Մյուլլերը:
«Միայն Մոսուլի և դրա շրջակայքի համար մենք կարող ենք հատկացնել հավելյալ 34 մլն եվրո` որպես շտապ օգնություն»,- ասել է նա:
ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:
Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի, դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:
Մոսուլն Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն ունի 1.3 մլն բնակչություն: Այն երկու տարուց ավելի գտնվում է ծայրահեղական խմբավորման հսկողության տակ: