Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ
Международные новостиԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ով մեկնում է Միացյալ Նահանգներ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հետ վերադարձնելու պահանջով, օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:
«Մենք կգտնենք հնարավորություն Թուրքիայի մտահոգություններն ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյային հասցնելու համար: Մենք կքննարկենք այն, թե որ կետին ենք այսօր հասել, հետ վերադարձի մասին պայմանագրի կետերը մեկ անգամ ևս աչքի կանցկացնենք:
Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունները մի ահաբեկչի պատճառով չտուժեն»,- նշել է Բոզդաղը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ թուրքական կողմն ԱՄՆ-ին է հանձնել 4 առանձին թղթածրար, որոնցով հիմնավորվում էր Գյուլենի վերադարձը Թուրքիա: «Թուրքիայի համար Ֆեթուլլահ Գյուլենը նույնն է, ինչ ԱՄՆ համար Ուսամա բեն Լադենը»,- հերթական անգամ ասել է արդարադատության նախարարը:
Բոզդաղը անհասկանալի է համարել ԱՄՆ կողմից Գյուլենին թուրքական կողմին չհանձնելու պատճառը: «Թուրքիայում այսքան հանցագործությունների մեջ խառնված անձը շարունակում է ապրել ԱՄՆ-ում և այնտեղից հանձնարարականներ տալ խմբավորմանը: ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու փաստը բացասաբար է ազդում Միացյալ Նահանգների մասին թուրք ժողովրդի հայացքների վրա»,- ասել է Բոզդաղը: