Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտման մակարդակը 42 անգամ գերազանցել է նորման
Международные новостиՀնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Դիվալիի՝ կրակերի փառատոնի ժամանակ օդի աղտոտման մակարդակը 42 անգամ գերազանցել է նորման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախօրեին Հնդկաստանում նշում էին Հնդկաստանի գլխավոր տոներից մեկը՝ Դիվալին, որի ժամանակ ընդունված է պայթեցնել հրասարքեր ու հրավառություններ կազմակերպել։ Առավոտից քաղաքի վրա ուժեղ մառախուղ է իջել։
Ըստ Նյու Դելիի աղտոտման վերահսկողության հանձնաժողովի տվյալների՝ PM10 ցուցանիշը Դելիի հարավարեւմտյան Ռամակրիշա թաղամասում հոկտեմբերի 30-ի երեկոյան կազմել է 4273 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար, մինչդեռ նորման 100 միկրոգրամն է։ Իսկ PM2,5 ցուցանիշը այդ նույն թաղամասում կազմել է 748 միկրոգրամ խորանարդ մետրի համար՝ 60 միկրոգրամ նորմայի դեպքում։
Ընդ որում քաղաքի տարբեր թաղամասերում ցուցանիշերը տարբեր էին՝ պայմանավորված բնակեցվածության խտությամբ, օդի ընդհանուր աղտոտումով ու օդային զանգվածների շարժումով։ Ընդհանուր առմամբ օդի աղտոտվածության գործակիցը գրեթե բոլոր ստուգվող կայաններում տատանվում էր 500 առավելագույն ցուցանիշի սահմանում, ինչը համարվում է աղտոտման վտանգավոր մակարդակ։
Փորձագետների կարծիքով այս վիճակը շատ վտանգավոր է մարդկանց համար, որոնք տառապում են ասթմայով ու սրտի խնդիրներով, նաեւ երեխաների ու կանանց համար։