Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին ներողություն է խնդրել իր մասնակցությամբ սկանդալի համար
Международные новостиՀարավային Կորեայում իշխանության չարաշահման շուրջ սկանդալի գլխավոր մասնակիցը՝ Չհվե Սուն Սիլը, երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել իր գործողությունների համար: Այս մասին նա հայտարարել է Սեուլի դատախազության մոտ հավաքված լրագրողներին, ուր նրան կանչել էին հարցաքննության:
«Շատ եմ ցավում: Ես աններելի արարք եմ կատարել»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեի մտերիմ ընկերուհին վերջերս է վերադարձել Եվրոպայից: Նրա փաստաբանի խոսքով՝ «Չհվեն Կորեա է վերադարձել՝ հետաքննության հետ համագործակցելու համար»:
Նախագահի ընկերուհուն մեղադրում են իր ազդեցությունն օգտագործելու համար, որպեսզի հարավկորեական խոշոր կորպորացիաները միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարեն իր հետ կապված Mir եւ K-Sports հիմնադրամներին:
Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ հիմնադրամները 53 ընկերություններից 72 մլն դոլար են ստացել, որոնց մի մասը, իբր, Չհվե Սուն Սիլն օգտագործել է արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու եւ իր դստեր ուսման համար վճարելու նպատակով: Բացի այդ, նրան մեղադրում են 250 հազար եվրոյի վարկ ստանալիս խարդախության համար:
Հարավկորեական առաջնորդ Փաք Կըն Հեին էլ մեղադրում են այն բանում, որ ընկերուհուն թույլատրել է միջամտել պետական գործերին: Նախագահը, ըստ տեղեկությունների, նրան կարեւոր եւ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել, նաեւ իր ելույթների տեքստերը՝ թույլատրելով դրանցում շտկումներ կատարել: