Կանադայի և ԵՄ-ի միջև կնքած պայմանագիրը նախադեպ կդառնա ԱՄՆ-ի և Ճապոնիայի համար
Международные новостиԵՄ-ի և Կանադայի միջև հոկտեմբերի 30-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն ստորագրեցին առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (CETA): Ժան-Կլոդ Յունկերը այն որակել է Եվրահանձնաժողովի՝ բոլոր ժամանակներում կնքած առևտրային լավագույն համաձայնագիրը:
Գործարքը պետք է վավերացվեր հոկտեմբերի 27-ին ԵՄ-ի գագաթնաժողովի ընթացքում, սակայն դրան խոչընդոտ հանդիսացավ Բելգիայի ֆրանսախոս համայնքը՝ Վալոնիա շրջանը: 3,6 մլն բնակչություն ունեցող Վալոնիան ցանկանում է պաշտպանել իր ֆերմերների շահերը, որոնց սպառնում է Կանադայից ներկրվող ապրանքների մրցակցությունը: ԵԽ նախագահ Դոնալդը Տուսկը նշել էր, որ Կանադան միշտ պատրաստ է ստորագրելու համաձայնագիրը, երբ Եվրոպան պատրաստ կլինի դրան: Այսպիսով, միայն Բելգիայում ներքին տարաձայնությունները հարթելուց հետո հնարավոր եղավ համաձայնագիրը կյանքի կոչել:
Ազատ առևտրի վերաբերյալ այս գործարքը հնարավորություն կտա Կանադայի և ԵՄ-ի միջև մաքսատուրքերը 98%-ով նվազեցնել, տարեկան մոտ €500 մլն-ի չափով խնայողություն անելով, իսկ առևտուրը 20%-ի չափով աճ կգրանցի: Գործարքը հատկապես նպաստավոր կլինի Ռումինիայի և Բուլղարիայի համար, որոնք դեռևս Կանադայի հետ չունեն ազատ մուտքի արտոնագրի ռեժիմ, հետևաբար շուտով կարող են այն ձեռք բերել:
Չնայած այս լավատեսական սցենարին՝ մի շարք եվրոպական երկրներում համաձայնագրի կնքման դեմ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Գործարքին դեմ հանդես եկող անձինք պնդում են, որ այն ոտնահարում է աշխատողների իրավունքները և նպաստավոր է մեծ բիզնեսի համար, շատ իրավունքներ են տրվում միջազգային կորպորացիաներին. վերջիններս կարող են անգամ դատական գործ հարուցել կառավարության դեմ:
Ակտիվիստները 125 000 ստորագրություններ էին հավաքել՝ պահանջելով դադարեցնել բանակցությունները:
Շատ բրիտանացի քաղաքագետների կարծիքով, գործարքի պայմանները հատկապես անբարենպաստ են լինելու Մեծ Բրիտանիայի համար, իզուր չեն վերջիններս այն անվանում «Brexit-ի առևտրային գործարք ԵՄ-ի հետ»:
CETA-ն ԵՄ-ի 12-րդ ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ Կանադայի հետ առևտրային համաձայնագիր լինելուց բացի, միության համար ունի այլ կարևոր նշանակություն: Այն որոշիչ է համարվում նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև նմանատիպ համաձայնագրերի՝ Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության (ՏԱՆԳ) և Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության (ՏԽԳ), համար: Մեծ Բրիտանիայի հանրաքվեից ու Եվրոպայի միգրացիոն ճգնաժամից հետո աշխարհում միության դերը գնալով նվազել է: Գերմանական արդյունաբերության միավորման ղեկավար Ուլրիխ Գրիլլոն հայտարարել էր, որ եվրոպական առևտրային քաղաքականության համար «սև օրեր են սկսվել» և, որ «Կանադայի հետ գործարքում արգելակելը կնվազեցնի ԵՄ-ի հանդեպ միջազգային գործընկերների ունեցած վստահությունը»:
Անի Գասպարյան