Ինչպես հայտնում է Orer.am-ը, Հանրահավաքի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ անգամ հնչեցրեց այն ժամանակվա քառյակի 12 կետանոց պահանջն ու հարցրեց. «Արդյո՞ք սա չէ մեր ընդհանուր պահանջը, արդյոք սա չէ, որ հուզում է յուրաքանչյուրիս ամեն օր: Սրա մասին է մեր օրակարգը, իսկ այս օրակարգն այլևս քաղաքական ուժերինը չէ, սա ժողովրդի կազմած օրակարգն է»: Ի պատասխան Ուրիխանյանի հարցի` հանրահավաքի մասնակից հասարակության ստվար զանգվածը գոռաց. «Իշխանափոխություն»:Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի 12 պահանջները հետևյալն էին. 1. Վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, հետ վերադարձնել աշխատավարձից պահված գումարները, նոր համակարգը ձևավորել կամավոր սկզբունքով: 2. Վերանայել տեսանկարահանող , լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 %-ի, սահմանված տուգանքների առավելագույն չափերը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը վերացնել, հանել սահմանի վրա ԱԱՀ գանձումը: 4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրերի համար տրամադրվող վարկերի սուբսիդիան: 5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ» -ի վերագործարկման ծրագիրը, վերադարձնել աշխատավարձերը: 7. Բացառել «Որոտան» ՀԷկ-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի համաձայնության: 8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղևորափոխադրումների գնի բարձրացումը: 9. Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Ընտրական օրենսգրքում անցկացնել փոփոխություններ, մյուս տարիներին ընտրություններն անցկացնել 100% համամասնականով և հրապարակել ընտրողների ցուցակները: 11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը: 12. Չստորագրել որևէ համաձայնագիր, որով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կլինի անցակետ: