Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի քրդերի հարցում
Международные новостиԹուրքիան եւ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Այս մասին հայտնում է թուրքական sabah.com լրատվականը:
Թուրքիան եւ ԱՄՆ-ն որոշում են կայացրել ԱՄՆ-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի վերահսկողությամբ PYD-ին Մունբիչի շրջանից հեռացնելու վերաբերյալ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը 2016 թվականի փետրվարին հայտարարություն էր արել այն մասին, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կառույց չէ:
ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի կողմից PYD մասին նմանօրինակ հայտարարության պատճառով փետրվարի 9-ին Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին Միացյալ Նահանգներին մեղադրել էր Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ոչ ահաբեկչական համարելու հարցում՝ նշելով, թե PYD-ն և PKK-ն նույն կառույցն են: «ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմավորում է: Իսկ ամերիկացի պաշտոնյաները կանգնում ու ասում են, թե «ոչ, մենք այն որպես ահաբեկչական կառույց չենք դիտարկում »... Է-հե~յ, ԱՄՆ, քեզ քանի անգամ ասացինք՝ մե՞զ հետ ես, թե ահաբեկչական PKK-ի և PYD-ի»,- ասել էր նա: