Ահաբեկիչների հետ համագործակցած պատգամավորները պետք է պատասխան տան. Թուրքիայի վարչապետ
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է այսօր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամի ձերբակալությունների վերաբերյալ հնչած քննադատություններին և ակնարկել, որ ձերբակալված պատգամավորները կապի մեջ են եղել ահաբեկչական խմբավորումների հետ։ Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր աջակցությունն էր հայտնել Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամներին և քննադատել իշխանություններին՝ ասելով, որ ժողովրդի քվեներով եկածները միայն ժողովրդի քվեներով կարող են հեռանալ քաղաքականությունից:
«Ժողովրդի քվեներով եկածը ժողովրդի քվեով պետք է գնա, այդպես է, սակայն ժողովրդի քվեներով եկած և ահաբեկչական կառույցների հետ համագործակցության մեջ մտած պատգամավորները պետք է պատասխան տան այդ ամենի համար», - ի պատասխան հայտարարել է վարչապետ Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այժմ պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման իր պատիժն է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։