Բան Կի Մունը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Международные новостиՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Բան Կի Մունը հույս է հայտնել, որ նոր աշխատակազմը կշարունակի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, կպայքարի կլիմայական փոփոխությունների դեմ ու առաջ կմղի մարդու իրավունքների պաշտպանությունը։
Բան Կի Մունը շեշտել է, որ հիմա՝ նախընտրական լարված պայքարից հետո, հարկ է հիշել ու վերահաստատել հավատարմությունը միասնությանը, որի հիմքում բազմազանությունն է, ու որը ԱՄՆ ամենաուժեղ կողմերից մեկն է։ Նա բոլոր ամերիկացիներին կոչ է արել հավատարմություն պահպանել միասնականության ոգուն։
«Այսօրվա գլոբալ խնդիրները պահանջում են որոշակի գլոբալ գործողություններ ու համատեղ որոշումներ։ Որպես ՄԱԿ հիմնադիր պետություն ու ԱԽ մշտական անդամ՝ ԱՄՆ-ն կարեւոր դեր է կատարում միջազգային օրակարգի հարցերի լուծման մեջ»,- ասել է Բան Կի Մունը։
Նա հավելել է, որ ամբողջ աշխարհի մարդիկ հույս ունեն, որ Վաշինգթոնը իր ամբողջ հզորությունը կօգտագործի հանուն մարդության բարօրության ու համընդհանուր արժեքների։ «ՄԱԿ-ը հույսեր է կապում նոր աշխատակազմի հետ միջազգային համագործակցության ամրապնդման գործում, քանի որ ձգտում է միասին պաշտպանել ընդհանուր իդեալները, պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ, հասնել մարդու իրավունքների առաջխաղացման, աջակցել փոխըմբռնմանը ու Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ բոլորի համար խաղաղություն, բարգավաճում ու արժանապատվոթյուն ապահովելու համար»,- ասել է Բան Կի Մունը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին խաղաղության, կանանց դրության բարելավման ու երեխաների բարեկեցության բարձրացման գործին նրա նվիրվածության համար։ «Եվ ես կասկած չունեմ, որ նա այսուհետ էլ այդ կարեւոր ավանդն է ներդնելու ամբողջ աշխարհում մեր աշխատանքի մեջ»,- ասել է Բան Կի Մունը։