Մերկելի համախոհները վախենում են Գերմանիայում Թրամփի հնարավոր ազդեցությունից
Международные новостиԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ու մյուս պահպանողականները նախազգուշացրել են, որ պոպուլիստները խնդիր կդառնան Եվրոպայի համար, եթե ցենտրիստ քաղաքական գործիչները չարձագանքեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտնում է Reuters–ը։
Թրամփի հաղթանակը ցնցել է շատ եվրոպական օրենսդիրների՝ հաջորդ տարի ծրագրված ընտրություններից առաջ։ Մասնավորապես Ֆրանսիայում ու Գերմանիայում, որտեղ աջ թեւի կուսակցությունները, ինչպես ակնկալվում է, լուրջ աջակցություն կստանան։ «Երեսպաշտական պոպուլիզմը խնդիր է ոչ միայն Ամերիկայում,- ասել է Շոյբլեն Bild թերթին,- Արեւմուտքում ամենուրեք քաղաքական բանավեճերի բնույթը տագնապ է առաջացնում»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հավանաբար սեպտեմբերյան ընտրությունների արդյունքներով չորրորդ ժամկետով էլ կմնա, իսկ նրա պահպանողական կուսակցությունը մոտավորապես 10 կետով գերազանցում է մոտակա մրցակիցներին, սոցիալ դեմոկրատների կուսակցությանը, որոնք հիմա նրա հետ կիսում են իշխանությունը։
Սակայն Մերկելի «բաց դռների» միգրացիոն քաղաքականությունը զայրացնում է ընտրողներին։ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյա կուսակցությունը, որը կոշտ հակամիգրացիոն հռետորաբանություն է վարում, իր կողմն է գրավում խոշորագույն կուսակցոթյունների ընտրազանգվածը։ Գրեթե չորս տարի առաջ ստեղծված կուսակցությունն արդեն ներկայացուցիչներ ունի գերմանական հողերի օրենսդիր մարմինների ավելի քան կեսում։
Շոյբլեն ցենտրիստներին ավելի ակտիվ լինելու կոչ է արել։ Նրա հետ համամիտ է Հանս Պետեր Ֆրիդրիխը՝ բավարական Քրիստոնյա սոցիալ միության անդամը, որը Մերկելի քրիստոնյա դեմոկրատների քույր կուսակցությունն է։ Նա վախենում է Թրամփի հնարավոր ազդեցությունից Գերմանիայում։ «Եթե մեր երկրի հիմնական կուսակցությունները ունակ չեն պատասխաններ տալ, մարդիկ շրջվում են դեպի պոպուլիստներ»,- ասել է նա։
ԵՄ հանձնակատար Գյունտեր Օթթինգերը, Մերկելի կուսակցության բարձրաստիճան անդամը, Deutschlandfunk ռադիոկայանին ասել է, որ ԱՄՆ ընտրությունները նախազգուշացում էին գերմանացիների համար։ «Ամեն ինչ պարզեցվում է՝ սեւ ու սպիտակ, լավ ու վատ, ճիշտ ու սխալ։ Կարելի է պարզ հարցեր տալ, բայց չի կարելի պարզ պատասխաններ տալ»,- ասել է նա։