ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել դաշինքի միասնության օգտին՝ Թրամփի ընտրվելու ֆոնին
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել հյուսիսատլանտյան դաշինքի միասնության պահպանման հարցերի շուրջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, գրում է interfax.ru-ն:
«Մենք կանգնած ենք ամենալուրջ մարտահրավերի առաջ»,- գրել է գլխավոր քարտուղարը բրիտանական Observer թերթում հրապարակված հոդվածում: Նա նշել է, որ «այժմ ժամանակը չէ Եվրոպայի և ԱՄՆ-ի գործընկերության մասին հարցը դնելու»:
Ստոլտենբերգի և ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների մտահոգությունն առաջացրել են նախընտրական արշավի ժամանակ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ դաշինքի բոլոր անդամները պետք է հավասար բեռ տանեն ՆԱՏՕ-ի գործունեությունը ֆինանսավորելու ոլորտում, այսինքն՝ վճարեն սեփական անվտանգության համար:
Այժմ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մոտ 70 տոկոսն իրականացնում է ԱՄՆ-ն:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ հենց ՆԱՏՕ-ի անդամներն են առաջատար դեր խաղում ահաբեկչությանը և «ավելի ու ավելի ագրեսիվ Ռուսաստանին» դիմակայելու հարցում:
«Նման անորոշ ժամանակներում մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն Ամերիկայի կողմից, մեզ նաև անհրաժեշտ է, որ եվրոպացիները կրեն բեռի մի մասն իրենց ուսերին»,- ասել է Ստոլտենբերգը: