Պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրվեն. Արտակ Զաքարյան
ПолитикаՕրերս ԵԱՀԿՄինսկիխմբիամերիկացիհամանախագահՋեյմսՈւորլիքն իր հարցազրույցներից մեկում հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհամաձայնեն հանդիպել: «Նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում: Այս այցը հնարավորություն կտա հետամուտ լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներին և շարունակել քննարկումները կարգավորման տարրերի շուրջ: Բոլոր կողմերի մոտ մենք կշեշտադրենք այն, որ ներկայիս հրադադարի ապահովումն ընթացիկ բանակցությունների կարևորագույն հիմքն է»,- ասել է նա:
Ինչպես միշտ, այս անգամ ևս Ուորլիքի հայտարարությունները` կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ, հեքիաթի ժանրից էին: Մինչ վերջինս հնչեղ ու լղոզված հայտարարություններով էր հանդես գալիս, հայ-ադրբեջանական սահմանին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն իրականացնում էր դիվերսիոն ներթափանցման փորձեր:
Լարված վիճակը պահպանվեց մի քանի օր, իսկ հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում թշնամու գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացավ 20- ամյա Գուրգեն Այվազյանը:
Ստեղծված իրավիճակի ու ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարության շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, որը բացեց հայտարարության չակերտները:
«Ուորլիքի այդ հայտարարությունը նշանակում է, որ բանակցային գործընթացն իր տրամաբանական հունով շարունակելու անհրաժեշտություն կա, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Դա նաև նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որը պատասխանատու է նաև հակամարտության կարգավորման համար: Նշանակում է, որ միջազգային հանրության ուշադրությունը չի պակասում խաղաղ կարգավորման հարցում, նաև, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտելի են ու խոչընդոտ են խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն անհապաղ պետք է կյանքի կոչել, որից հետո նոր խոսք կլինի բանակցային միջավայրի ապահովման, ինչպես նաև բանակցություններում կոնկրետ խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար»,- ասաց նա:
Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց հայտարարությունները, սակայն կարևոր փաստ է անտեսվում: «Հայտարարությունների մեջ պետք է նշվի, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը ու հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է իրականացրել, իսկ օրերս նաև զոհ ունեցանք սահմանին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ էության, դա հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է, ոչ թե դիրքային հրաձգություն:
«Շատ կարևոր է, որ համանախագահները դրան անդրադառնան: Որպեսզի նման խնդիրները բացառվեն, ամենակարևորն է, որ համանախագահներն իրենց ջանքերը գործադրեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ուորլիքի՝ խնդրի շուրջ խիստ սուբյեկտիվ վերաբերմունքին ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին, ապա դրանք, ըստ Ա. Զաքարյանի, միտված են չեզոքության պահպանմանը:
«Համանախագահները փորձում են պահպանել չեզոքությունը, անկողմնակալությունը, բայց այստեղ նաև ճշմարտությունից խուսափելու խնդիր կա: Շատ կարևոր է, որ նրանք հասցեական լինեն իրենց հայտարարություններում: Պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրվեն, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները, որն ստանձնել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում»,- շեշտեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան