Դատարանն արդարացրել է «Ակոս»-ի խմբագրության դիմաց սև պսակներ թողած ազգայնականներին
Международные новостиՍտամբուլի 62-րդ քրեական դատարանն անմեղ է ճանաչել հայկական «Ակոս» պարբերականի նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած անձանց: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:
«Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և ազգայնական «Թուրան Օջաքլարը» («Թուրանի Օջախներ») կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը «Ակոս» պարբերականի դիմաց սև ծաղկեպսակներ էին թողել, այնուհետև սոցիալական ցանցի միջոցով սպառնացել էին «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» գրությամբ:
Դատական նիստին ներկա «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանն իր ելույթում նշել է, թե ինչպես են շենքի փակ դռների մոտ սև ծաղկեպսակներ դրել, իսկ ավելի ուշ սոցիալական մեդիայում արված գրառումներում սկսել են վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել: «Այս ամենը տեսնելով բողոք ենք ներկայացրել: Հրանտ Դինքի սպանությունից առաջ էլ ասել էին` «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Այն, թե հետո ինչ եղավ Դինքին, բոլորին է հայտնի: Այդ պատճառով էլ մենք ստեղծված իրադրությունը համարեցինք սպառնալիք և խորապես անhանգստացանք»,- ներկայացրեÕ ¬ է Դանզիկյանը:
Գործով կասկածյալ Բիլալ Գյոքչեյուրթը պաշտպանական խոսքում նշել է, որ իրենք երկու պսակ են դրել` մեկն իրենց կուսակցության, մյուսը «Թուրան Օջաքլարը» կազմակերպության անունից: Նա հերքել է սոցիալական ցանցում գրառումներ կատարելու փաստը` ասելով, թե դա մեկ ուրիշն է արել: «Ես չեմ կարողանում հիշել, թե ով է դա արել: Հաշիվը պատկանում էր «Թուրան Օջաքլարը» կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղին: Այդ գրառումները ես չեմ արել»,- ասել է նա:
Ի վերջո, դատարանը վճռել է արդարացնել Գյոքչեյուրթին և Էրջան Ուրչարին ապացույցների անբավարար լինելու պատճառով:
«Ակոս» պարբերականի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է որոշումը` ասելով, որ դա անօրինական է: