Եվրախորհրդարանում կքննարկվի Թուրքիայի հետ բանակցությունները սառեցնելու հարցը
Международные новостиԵվրախորհրդարանը Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները միառժամանակ դադարեցնելու վերաբերյալ որոշումը կարող է քվեարկության դնել նոյեմբերի 24-ին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԵԽ երկրորդ ամենամեծ խմբակցությունը` Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը ներկայացնելու է Թուրքիա-ԵՄ բանակցությունները «ժամանակավորապես սառեցնելու» մասին առաջարկը, որը, համաձայն թուրքական պարբերականի, լայն աջակցություն ունի Եվրախորհրդարանի խմբակցությունների շրջանում:
Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության ղեկավար Ջիանի Պիտելլան նշել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների շրջադարձային կետում են: «Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես պետք է սառեցվեն: Քանի դեռ թուրք պաշտոնյաներն արհամարհում են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, այս լուրջ քայլերին այլընտրանք չկա»,- ասել է նա: Պիտելլան ընդգծել է, որ որոշումն ուղղված չէ թուրք ժողովրդի կամ Թուրքիայի դեմ: «Թուրք ժողովրդի և Թուրքիայի համար դռները բաց են մնում, սակայն բանակցությունների համար այս փու լում չպետք է բաց մնան»,- նշել է խմբակցության ղեկավարը:
Եվրախորհրդարանի որոշումը չունի օրենքով պարտավորեցնող բնույթ: Այդուհանդերձ, դրա ընդունման պարագայում ակնկալվում է, որ Թուրքիան խիստ դիրքորոշում կընդունի: