ԻՏՁՄ-ն եւ ռուսական Promobot ընկերությունը համագործակցության հուշագիր կստորագրեն
Международные новостиՀաշվի առնելով այն փաստը, որ սերվիս-ռոբոտաշինությունը ամենաթրենդային ուղղություններից է այժմ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ռուսական Promobot ընկերությունը համագործակցության հուշագիր կստորագրեն առաջիկայում, ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում:
«2009 թվականից Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման Արմռոբոտիքս ծրագիրը կենտրոնանում է երեք ուղղությունների վրա՝ ընդհանուր ռոբոտաշինություն, ռազմակական ռոբոտաշինություն եւ անօդաչու սարքերի ստեղծում, իսկ ստորագրվելիք համագործակցությունից հետո մեր երեխաները հնարավորություն կունենան զբաղվել նաեւ ռոբոտաշինության այս թրենդային ուղղությամբ: Promobot-ի հետ համագործակցության շրջանակում կունենանք համատեղ ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում, կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ՝ մրցույթներ, ինչը կհարստացնի Հայաստանի ինժեներական փորձը»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Ռուսական Promobot ընկերության Promobot 3-րդ սերնդի ռոբոտը ՌԴ-ում ռոբոտատեխնիկայի ոլորտում ամենավաճառվող պրոդուկտն է: Այն շուկայում առաջին ամբողջությամբ ավտոնոմ ռոբոտն է, որը նախատեսված է որպես օգնական օգտագործել մեծ քանակությամբ մարդկանց կուտակումների դեպքում: Այն օգնում է կողմնորոշվել տեղանքում՝ պատասխանելով ցանկացած հարցի, պրոմո-նյութեր է ցուցադրում, հիշում է բոլոր նրանց, ում հետ շփվել է, նաեւ նկարներ է տպում: