Յունկեր. ԵՄ-ն հակաթուրքական տրամադրություններով չի առաջնորդվում
Международные новостиՄիգրացիոն ճգնաժամի համատեքստում Թուրքիան, ինչպես նաեւ Հորդանանն ու Լիբանանը, շատ ավելին են անում, քան Եվրոպան: Euronews-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ միայն կարեւոր գործընկեր է միգրացիոն ճգնաժամի հարցում: «Եվ դա ակնհայտ է, քանի որ Թուրքիան իր տարածքում ավելի քան 3 մլն միգրանտների եւ փախստականների է ընդունել: Իսկ Եվրոպան՝ ոչ: Այդ պատճառով կցանկանայի, որպեսզի Եվրոպան խուսափեր այդ հարցում Թուրքիային դաս տալուց: Թուրքիան, ինչպես նաեւ Հորդանանն ու Լիբանանը շատ ավելին են անում, քան Եվրոպան: Իսկ մնացյալ հարցերում Թուրքիան այնպիսին է, ինչպիսին կա: Ամեն դեպքում, վերջին 10 տարիներին այս երկիրը մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության հարցում: Սակայն վերջին երկու տարիներին, հատկապես՝ հուլիսի հեղաշրջման փորձից հետո, այն աստիճանաբար հեռանում է Եվրոպայից»,- ասել է Յունկերը:
Նա նշել է, որ ԵՄ-ն չի ղեկավարվում հակաթուրքական տրամադրություններով: «Բայց մի հարց կա, որին կարող է պատասխանել միայն Թուրքիան. արդյո՞ք պատրաստվում է կատարել բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար: Կարծում եմ՝ Թուրքիան երբեք այս հարցը չի տվել, այդ պատճառով էլ պատասխան չունի»,- ասել է նա: