Սաակաշվիլին Կիևում հանրահավաքի ժամանակ կոչ է արել Ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնել
Международные новостиՀանդես գալով Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել պահանջել Ուկրաինայի գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնել և հայտարարել է, որ այսօրվա ակցիան կոչվում է «այս խորհրդարանի վերջին ձմեռ». այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Սաակաշվիլին նաև մեղադրել է գործող իշխանություններին նախընտրական խոստումները չկատարելու, կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի և Ուկրաինայում բարեփոխումներ չիրականացնելու մեջ:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հանրահավաքին ներկա է եղել մոտ երկու հազար մարդ: Մարդիկ ձեռքերում պահել են Ուկրաինայի և Եվրամիության դրոշները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին: Նա որպես պատճառ է նշել իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի բացակայությունը: նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից: Նա Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:
Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլին հայտնել է «Руха новых сил» Ուկրաինայում նոր քաղաքական շարժման ստեղծման մասին: