ԻՊ-ն ստանձնել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են մերձմոսկովյան Լոսինո-Պետրովսկի քաղաքի կահույքի գործարանում նոյեմբերի կեսերին տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին ասվում է գրոհայինների al-Naba թերթի դեկտեմբերյան համարում: Ըստ իսլամիստների վարկածի` իրենց «եղբայրներից» մեկը հրդեհել է գործարանը` «հակառակորդին ֆինանսական առումով թուլացնելու համար»:
«Այրվել է ողջ հսկայական կահույքի գործարանը, այրվել է հարևան շինությունը, որտեղ քիմիկատներ էին պատրաստում», - պարծեցել են ահաբեկիչները:
Իսլամիստական պարբերականի տվյալներով` «հարձակումն իրականացրած եղբայրը» հրկիզել է շենքի առաջին հարկը, որից հետո կրակը տարածվել է ողջ շենքով մեկ:
Ըստ երևույթին, խոսքը նոյեմբերի 14-ին 23:00-ին բռնկված հրդեհին: ԱԻՆ-ի տվյալներով` այն ժամանակ հրդեհից վնասված տարածքի մակերեսը կազմել է հազար քառ. մետր: Փրկարարները 88 մարդու էին տարհանել, զոհեր չեն գրանցվել: