Ռումինիայի խորհրդարանում ընտրվել է երեք հայ պատգամավոր
Международные новостиՌումինիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ են ընտրվել միանգամից երեք հայ պատգամավոր: Վերընտրվել են Ռումինիայի Հայոց միության կողմից առաջադրված հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian) եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրված Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian): Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրված Լուչիան Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion):

Ինչպես հաղորդում է Բուխարեստում «Արմենպրես»-ի թղթակիցը, Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի անփոփոխ ղեկավարն է երկար տարիներ, այդ հարցով, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ: Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Խորհրդարանի առաջին գումարման անդամներից է, ազգային փոքրամասնությունների խմբի առաջին ղեկավարը, որն այնուհետեւ ժառանգել է Վարուժան Փամբուկչյանը: Ոսկանյանը եղել է սենատոր, եւ երկու անգամ Ռումինիայի կառավարության ադամ` 2006 -2008թթ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, 2012-2013թթ. էկոնոմիկայի նախարար: Երկուսն էլ Ռումինիայի հայտնի քաղաքական գործիչներ են, միաժամանակ Ռումինիայի Հայոց միության հիմնադիր ղեկավարներ` Ոսկանյանը նախագահ, իսկ Փամբուկչյանը փոխնախագահ: Լուչիան Էդուարդ Սիմիոնը Սեւ ծովի առափնյա Տուլչա նահանգային ղեկավարներից է, անցյալում Տուլչա նահանգի պրեֆեկտը, այնուհետեւ Դանուբի դելտայի արգելոցի տնօրենը: Նա ղեկավարում է Ռումինիայի Հայոց միության տեղական մասնաճյուղը, ինչպես նաեւ կանգնած է Տուլչայի նահանգի եւ Տավուշի մարզի եղբայրական կապերի հաստատման ա կունքներում: