Մարին Լե Պենը խոստացել է Ֆրանսիան դուրս բերել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից
Международные новостиՖրանսիայի նախագահական թեկնածու և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմից: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին նա ասել է հունական պարբերականին տված հարցազրույցում:
Լե Պենի խոսքով` ինքը մտադիր է Frexit անցկացնել Brexit-ի օրինակով և կոչ է անում այս մտքին միանալ Պորտուգալիային, Իսպանիային, Իռլանդիային, Հունաստանին և Կիպրոսին:
«Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ձայն տալու իրենց երկրների ինքնիշխանության վերադարձին և ստրկությունից ու շանտաժից ազատվելուն, որոնք առաջ են տանում Բրյուսելի բյուրոկրատները», - կարծիք է հայտնել ֆրանսիացի գործիչը:
«Անգլիացիները հասկացել են դա և քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նրանք երբևէ չեն մտածել իրենց ֆունտը եվրոյով փոխարինելու մասին: Եվրոգոտում բարձր են գները, հարկերը և գործազրկության մակարդակը, իսկ աշխատավարձն ու կենսաթոշակը` ցածր», - շեշտել է Լե Պենը:
Նա իմաստ չի տեսնում նաև ՆԱՏՕ-ի կազմում մնալու մեջ: «Այս կառույցը ստեղծվել է ի պատասխան Վարշավայի պայմանագրից և Խորհրդային Միությունից եկող վտանգին, սակայն այժմ ոչ ԽՍՀՄ-ն կա, ոչ էլ Վարշավայի պայմանագիրը: ՆԱՏՕ-ն միայն ԱՄՆ-ին է պետք, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Եվրոպայում»,-ասել է նա: